07/12/2017

Գևորգ Աշոտի Մղդեսյան

Գյումրի 07.12.2017 Banak.info
Հայրենիքի սահմանին կանգնած ու քաջաբար զոհված տղերքից մեկն է` Գևորգ Մղդեսյանը:
Գևորգը ծնվել է 1996թվ.  Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում:
2013թվ. ավարտելով թիվ 2 ավագ դպրոցը Գևորգն իր ուժերով ընդունվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) ռադիոֆիզիկա բաժինը:
Ուսումը կիսատ թողնելով 2014թվ. անցել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի N զորամասում` որպես գնդացրորդ:
Հարազատները պատմում էին, որ մինչ ծառայության անցնելը Գևորգը միշտ ցանկացել է Արցախում ծառայել ու սահման պահել:
2015թվ. օգոստոս ամսին արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով գրանցվել էր լարվածություն։Այդ օրերին Գևորգը թշնամու դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ էր կասեցրել, որի արդյունքում բեկորային վնասվածք էր ստացել ոտքի շրջանում: Սակայն վիրահատական միջամտությունը անցել էր բարեհաջող։
2016թվ. ապրիլին թշնամու կողմից սկսած լայնամասշտաբ գործողությունների ժամանակ թշնամուն հակահարված տված զինվորներից մեկը Գևորգն էր, ով արժանապատվորեն կռվել էր ու հաղթել թշնամուն:
Ապրիլի 7-ի` լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, օգտագործելով տարբեր տրամաչափի զինտեխնիկա, որի արդյունքում սահմանագոտու հյուսիսարևելյան մասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գևորգ Աշոտի Մղդեսյանը:
Գևորգը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» և հետմահու ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով:
Գևորգի եղբայրը պատմում է.
-Եղբայրս առանձնանում էր իր մեջ եղած բարությամբ, խոհեմությամբ, լրջությամբ, հավասարակշռությամբ։ Ուրախ կյանքով լեցուն երիտասարդ էր, երբեք հետ չէր կանգնում իր նպատակներից։
Սիրում էր ազգագրական երգեր երգել, սիրում էր ազգայինն ու հայեցին, այն ինչ մերն էր Գևորգը սիրում էր:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան







Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`