06/12/2017

Կարեն Արտակի Ներսիսյան

Գյումրի 06.12.2017 Banak.info
Հայրենիքի համար մարտնչած ու իր կյանքը զոհաբերած տղերքից մեկն է` բջնեցի Կարեն Ներսիսյանը:
Կարենը ծնվել է 1997թվ. Կոտայքի մարզի Բջնի գյուղում:
Կարենին բնութագրում են որպես` շատ ընկերասեր, հայրենասեր, խելացի, ժիր, ճարպիկ, նպատակասլաց, համառ և լուսավոր մարդ:
2003-2014թվ. սովորել է Բջնիի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: Ավարտելով Կարենը ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։
Կարենը զբաղվել է սպորտով, դրա հետ զուգահեռ ցանկություն է ունեցել ծրագրավորման ոլորտում քայլեր անել, քանի որ սիրում էր համակարգչի, հեռախոսների և այլ տեխնիկաների հետ աշխատել:
Ուսումը կիսատ թողնելով 2015թվ. զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի` Հադրութի շրջանի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում:
Ինչպես պատմում է Կարենի ազգականուհին նա մեծ սիրով է անցել ծառայության, երբեք չի դժգոհել որ պիտի զորակոչվի, այլ հստակ գիտակցել է իր դերն ու նշանակությունը հայրենիքի պաշտպանության գործում:
Ծառայության առաջին իսկ օրերից աչքի է ընկել իր նվիրվածությամբ, բերեխղճությամբ ու կազմակերպվածությամբ, որի արդյունքում անցնելով է համապատասխան ուսումնական փուլ արժանացել է սերժանտի կոչման:
2016թվ. ապրիլի 1-ին Կարենը բարձրացել էր դիրքեր հերթափոխ իրականացնելու:
Ապրիլի 1-ի` լույս 2-ի գիշերը թշնամին լայնամասշտաբ հարձակումներ էր սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Վարազաթումբ (Լյալյա-Իլյագի) բարձունքում տեղակայված 112 Մ/Դ-ը նույնպես ենթարկվել է հարձակման և հրետանակոծման, որի արդյունքում դիրքի ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ դիրքն անցել է շրջանաձև պաշտպանության:
Անձնակազմի անդամներին` Ադամ Սահակյանին, Կարեն Ներսիսյանին, Բագրատ Ալեքսանյանին, Տիգրան Բերակչյանին, Սաշա Գալստյանին, Անդրանիկ Գրիգորյանին,  Ժորա Եսայանին, Բորիս Օզմանյանին օգնության է հասել 5 սպաներից բաղկացած օպերատիվ խումբը` Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը:
Կարենը զինակիցներն ու սպաները ընկան արիաբար մարտնչելիս մինչև վեջին շունչը պայքարելով թշնամու մեծաքանակ գրոհայինների դեմ:
Կարեն Արտակի Ներսիսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության» և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով:
Ի պատասխան Կարենի սխրանքի Բջնիի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը կրում է նրա անունը, իսկ գյուղի կենտրոնում հուշաքար է տեղադրվել Կարենի ու զինակիցների պատվին:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 






Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`