01/07/2017

«Ես ուզում եմ ծառայել ու հե՛նց Ղարաբաղում, դուզ Ղարաբաղ». Զինվորից 5 պակաս»-ը հասավ Տիգրան Շահինյանին

Երևան 01.07.2017 Banak.info

«Գնում եմ հանգստանալու»,- ծիծաղով ասում է  18-ամյա Տիգրանը։ Մի քանի օրից քաղաքացիական հագուստը կփոխարինի զինվորական համազգեստով ու կդառնա զորակոչիկ և, ինչպես ինքն է ասում, վերջապես երկու տարի «կհանգստանա»։

«Զինվորից 5 պակաս»-ը հասավ նաև Տիգրան Շահինյանին:  Տիգրանը Վարդենիկից է: Սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, ծառայությունից հետո ուսումը շարունակելու է արդեն երկրորդ կուրսում: Տիգրանը կարողացել է համադրել «Ողջ Մնալու Արվեստ»-ը ազգագրական երգ ու պարի հետ՝ միաժամանակ ունենալով նաև հասարակական ակտիվություն: Համալսարանում ազգագրական պարերի խմբի անդամ է, ասում է՝ բանակում էլ ցանկանում է ազգային ոգին բարձրացնողներից և ազգագրական երգ ու պարը տարածողներից մեկը լինել։
Տիգրանն այստեղ թողնում է ընտանիքին, ծնողներին, հարազատներին, միաժամանակ ասում է`  նոր ընտանիք է ձեռք բերելու բանակում։ Դժվարություններին դիմակայելու խոստումով է գնում նա։ 
Հայոց բանակի մասին բոլոր տեսակի խոսակցությունները լսում, սակայն չի հետևում դրանց: Ասում է՝  շուտով իր աչքով կտեսնի՝ ինչ է կատարվում այնտեղ։ Հարցին, թե արդյո՞ք ուզում է ծառայել, վստահորեն պատասխանում է. «Ես ուզում եմ ծառայել ու հե՛նց Ղարաբաղում, դուզ Ղարաբաղ։ Հուսամ այսպես էլ կլինի»։ 
Ուզում է Արցախի տաք եղանակն ու ջերմությունն էլ վայելել։
Տիգրանն ասում է՝ առաջինը ծառայում է իր ընտանիքի, ծնողների, հարազատների, կարճ ասած` հայ ազգի և իր համար. «Բանակը չի փոխի ինձ։ Պետք է մնաս  այնպիսին, ինչպիսին կաս իրականում»: 
Ստաբիլ ուտելն ու ժամանակին քնել-արթնանալը ուրախացնում է նրան։ Ուտելիքի հանդեպ էլ բծախնդիր չէ. ուտում է ամեն ինչ, բացի ապուրից։ 
Որոշել է՝ զորակոչվելու նախորդ  գիշերը հավաքելու է ընտանիքի բոլոր անդամներին ու միասին մազերը կտրելու են: «Ուզում եմ՝ տանեցիրները կտրեն մազերս»,- համեստ ժպիտով ասում է նա: 
Տիգրանը տարբեր է բոլորից: «Բարի եմ, դրա համար եմ տարբեր»,-ասում է և հավելում՝ պետք է բոլորին բարություն անես ու քեզ լավ զգաս։ Կարծում է` բանակում  իրեն չի խանգարի բարի լինելը։
Տիգրանը կամքի ուժը տեղում, աշխատանքը մինչև վերջ կատարելու հստակ որոշմամբ է գնում ծառայության։ 

Բլից  հարցում

- Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն
Սուս ու փուս կուտեմ

- Եթե հնարավորությու չունենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու
Չեմ ուզենա  հաճախ  կապ  հաստատել, որ կարոտը շատ չլինի ո՛չ ինձ համար,  ո՛չ իրենց։

- Եթե կողքիդ մահճակալին քնողը խռացնի ողջ գիշեր
Ամենաահավոր բանն ա, բայց  կարծում եմ՝  այնքան ծանրաբեռնված են լինելու օրերը, որ չեմ էլ լսի։ 

- Եթե իմանաս, որ ամենամոտ ըներոջդ հարսանիքն է, բայց դու չես կարող ներկա լինել
Կգնամ, կփորձեմ գնդապետի հետ խոսել, որ թեկուզ 2 րոպեով գնամ, շնորհավորեմ։

- Եթե ընկերուհիդ զանգի և ասի, որ ընկերուհու հարսանիքն է և հարսնաքույրը ինքը պիտի լինի (եթե ասել է, որ ընկերուհի ունի) 
Կթողնեմ, որ գնա։ ինչու՞ չպետքա  թողնեի)))

-Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը
Իմ ցանկությամբ է, բայց եթե պարտադիր չլիներ, մեկ տարի հաստատ կգնայի. երկու տարին մի փոքր շատ է։

 - Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես
Ամեն ինչ չէ, որ կարելի է ասել մարդուն, բայց  եթե մարդուն որպես ընկեր եմ ընդունում, կասեմ։ 

- Եթե փախուստի հնարավորություն ունենաս
Կփախչեմ միայն մեկ ուրիշի կյանքը փրկելու անհրաժեշտության դեպքում։

- Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ անձնավորության հետ նույն վաշտում ես ծառայելու
Վաշտը ինձ համար տուն է և պետք է փորձեմ նրա հետ էլ  լեզու գտնել, ընկերանալ։

- Երբ մի օր արթնանաս և ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու
Ի՜նչ ուրախ կլինեմ :՚)

- Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես
Երբ հասկանամ, արդեն զորացրված կլինեմ։

Մյուս տղաներին, ովքեր իր պես մոտ օրերս դառնալու են զինվոր, Տիգրանն ասում է՝ «Տղերք ջան, բարով գնացեք, բարով եկեք: Ձեզ բարի ծառայություն, անփորձանք...»։ 
Եվ տա Աստված՝ Տիգրանն էլ, մյուս բոլոր տղաներն էլ անփորձանք ծառայեն ու վերադառնան իրենց հարազատների մոտ՝ հիշելով, որ իրենց ամեն պահ սպասողներ, կարոտողներ ու իրենց համար աղոթողներ են թողնում այստեղ: 

Աննա Գարեգինյան



Ծանուցում.Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է։ Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը առանց banak.info-ին հղման արգելվում է։  



Տեղեկացրու՛ ընկերներիդ`