Showing posts with label հարցազրույց. Show all posts
Showing posts with label հարցազրույց. Show all posts

18/08/2020

Կստեղծվի «Սպայի գրադարան» մասնագիտացված էլեկտրոնային հարթակ


Ինչպես արդեն տեղեկացրել ենք www.banak.info կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում, որից հետո կայքում կստեղծվեն նոր բաժիններ, ֆունկցիոնալ նոր հնարավություններ:
  Նոր համագործակցության արդյունքում Banak.info կայքում կստեղծվի «Սպայի գրադարան» բաժինը, որտեղ տեղ կգտնեն սպաների համար նախատեսված և հասարակության լայն զանգվածին հետաքրքրող թվայնացված գրականություն:

 «Սպայի գրադարան» բաժինը ոչ միայն կօգնի սպաներին հեշտացնել իրենց անհրաժեշտ գրականությունը գտնելու հարցում, այլև ռազմական ոլորտով հետաքրքրվող անձանց հնարավորություն կտա ծանոթանալու և տիրապետելու որոշակի գիտելիքների, ինչը կարևոր է փաստացի չավարտված պատերազմական իրավիճակում գտնվող երկրի քաղաքացու համար: Ուրախ ենք համագործակցության համար, իսկ նման հարթակ ունենալը մեր կայքում պարտավորեցնող է»,- ասաց «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լիանա Բրյանը:  

 Կայքում կատարվող բարեփոխումները հասանելի կլինեն օգոստոսի 26-ից, որոնք հնարավորություն կտան արդեն տեխնիկապես ավելի հզոր և ֆունկցիոնալ մի շարք առավելություններով հետևելու հետագա ծրագրերին:  

 «Ինտելեկտուալ սպայի կերպարի ձևավորման տեսանկյունից շատ ենք կարևորում նման նախաձեռնությունները, ինչպիսին է «Սպայի գրադարանը», որը մենք սկսել են մի քանի տարի առաջ, ուզում ենք հիմա այդ մշակույթը շարունակվի՝ սպաների համար հատուկ գրքեր տպագրվեն, գրքեր թարգմանվեն, որոնք հասանելի կլինեն տպագիր տարբերակով, էլեկտրոնային հարթակներով: Ուրախ ենք, որ Banak.info-ի հետ համագործակցում ենք այս ֆորմատով: Վերջինս կդառնա մեզ համար առաջին հարթակը, որը կզետեղի ինչպես հայերեն, այնպես էլ օտարալեզու  թվայնացված գրքեր անվտանգության, պատերազմի, պատերազմների պատմության, ռազմարվեստի թեմայով»,- նշեց ՀՀ ՊՆ ռազմական կրթության վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանը:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

31/07/2020

Բանակը կյանքի կարևոր օղակներից է, ու այն պիտի կոփի ինձ. «Զինվորից 5 պակաս»


«Զինվորից 5 պակաս» շարքը մոտենում է ավարտին: Վերջին զինակոչիկը Banak.info կայքի լրագրող Սիմոն Հովհաննիսյանն է:
Ապագա զինվորը մի քիչ շատախոս է, բայց մտերիմներն ասում են, որ հետաքրքիր զրուցակից է. «Շփվող եմ, մի քիչ բարի, վերլուծում եմ գրեթե ամեն ինչ ու փորձում եմ ամեն ինչին նայել երկու կողմից։ Ես սիրում եմ ստեղծագործել, շփվել ընկերներիս հետ, նկարներ խմբագրել հեռախոսով և այլն»,- ասում է Սիմոնն ու հավելում, որ նաև ինքնավստահ ու բծախնդիր է:

Ծառայության դժվարությունների մասին շատ է մտածել, բայց հաշվի առնելով ծառայության առավելություններն ու այն՝ ինչ տալու է իրեն ծառայությունը, երբևէ չի  մտածել խուսափելու մասին. «Հաշվի առնելով ծառայության կարևորությունը տղայի կյանքում, գիտակցված ու հոգեբանորեն պատրաստվելով՝ անցկացնում եմ նախազինվորական օրերս»։ 
Սիմոնի կարծիքով կարևորը կոփվելն ու հայրենիքին ծառայելն է, իսկ թե որտեղ, արդեն էական չէ։ Հայկական բանակում տեղի ունեցող փափոխություններին զորակոչիկը հետևում է լրատվամիջոցների օգնությամբ. «Բացի այդ սնունդի, հագուստի և այլնի մասին փոփոխությունները տեսել եմ, իսկ մնացածի մասին կգնամ, անձամբ կտեսնեմ ու կհամեմատեմ լսածս՝ տեսածիս հետ»։  
Սիմոնի ընտանիքի անդամներն իր նման են մտածում. «Բանակը կյանքի կարևոր օղակներից է ու այն պիտի կոփի ինձ։ Գուցե ներքուստ տանը նեղվում են, բայց ցույց չեն տալիս»,- պատմում է ապագա զինվորն ու մյուս զորակոչիկներին մաղթում՝ լինեն վստահ, անկոտրում և ազնիվ. «Պետք է գիտակցել բանակի կարևորությունը»։ 

Բլից հարցում.

1. Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
- Զոռով կուտեմ:

2․Եթե հնարավորություն չուենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու…
- Կսպասեմ հնարավորության, կամ կփորձեմ ինքս ստեղծել այն:

3․ Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը…
-Կծառայեի։

4․ Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես…
- Կփորձեմ հնարավորինս ընկերական տոնով դիմել հենց իրեն` սերժանտին։

5․Եթե ինքդ սերժանտ դառնաս…
- Չեմ մտածել այդ մասին, երևի կուրախանամ ու կփորձեմ հնարավորինս լավ սերժանտ լինել զինվորների համար:

6․ Եթե փախուստի հնարավորություն ունենաս…
- Ցանկություն հաստատ չեմ ունենա։

7․ Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ մարդու հետ նույն վաշտում ես ծառայելու…
- Ինձ նորմալ կպահեմ, հարկ եղած դեպքում կշփվեմ:

8․ Երբ մի օր արթնանաս ու ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու…
-Կուրախանամ:

9․ Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես…
- Հիմա մտածում եմ, որ գուցե շատ ուրախ լինեմ, բայց հնարավոր է կապվածության հետևանքով նաև շատ տխրեմ:

                                                                               
Իննա Թումանյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

24/07/2020

Ոչ ոք պարտք չունի սեփական հայրենիքի հանդեպ,որովհետև պարտքը սիրով չեն տալիս.«Զինվորից 5 պակաս»


Banak.info-ն հուլիսյան մարտերից հետո նորից շարունակում է «Զինվորից 5 պակաս» շարքը, զրուցելով  մի երիտասարդի հետ, որն ինչպես ինքն է ասում՝ հանուն հայրենիքին ծառայելու, ծնողներին թողել է Ռուսաստանում ու փախել Հայաստան:
Տղայի փախուստն անշուշտ վշտացրել է ծնողներին, նեղացել են, բայց հպարտ են, որ նման որդի ունեն, քանզի Միհրան Կոստանյանը համառ է, ըմբոստ ու միևնույն ժամանակ հանդուրժող: Նա ցանկանում է արժանի զավակ լինել նաև իր հայրենիքի համար:
Նրա համար զինվորական համազգեստ կրելը պատիվ է. «Համազգեստն ինձ հուշում է, որ ես պարտավոր եմ ոչինչ չխնայել հանուն հայրենիքիս և պատվով մեռնել հանուն նրա, եթե հարկ լինի։ Զինվորի առաքելությունը մարտի դաշտում սեփական անձը զոհելու մեջ է, քանզի պարտված ապրելը նվաստացնում է ազգային արժեհամակարգդ, իսկ արժանապատվորեն մեռնելը՝ բարձրացնում սերունդներիդ ոգին»,- վստահորեն ասում է զորակոչիկն ու հավելում, որ վիճակահանությամբ ինչ թերթիկ էլ իրեն բաժին ընկնի, ամեն ինչ անելու է, որ Արցախում հայտնվի:
Միհրանն ապագա արաբագետ է, ստեղծագործում է, երազում տպագրվելու մասին ու պարում ազգագրական պարեր, բայց դրանք նրան չեն խանգարել, որ հետաքրքրվի հայկական բանակով: Ասում է, որ բանակը վերազինելու գլխավոր միջոցը հոգեպես զինելն է սեփական զինվորին.
 «Մարտունակ բանակ ունենալու նախադրյալների հիմքում պետք է դնել ազգային ինքնագիտակցությունը, նժդեհյան գաղափարախոսություն է մեզ հարկավոր»:
Ապագա ծառայակից ընկերներին Միհրանը խորհուրդ է տալիս լինել հանդուրժող, պահպանել ազգայինն ու սեփականը. 
 «Պետք է հասկացնել մնացած զորակոչիկներին,որ ոչ ոք պարտք չունի սեփական հայրենիքի հանդեպ, որովհետև պարտքը սիրով չեն տալիս»:

Բլից հարցում.
1. Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
- Կվարվեմ Դուշմանի պես. կվերցնեմ մի բուռ հող, զինընկերներիս մոտ կուտեմ ու կապացուցեմ,որ նույնն է, ինչ մայրական կաթը։

2․Եթե հնարավորություն չուենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու…
- Չեմ պահի:

3․ Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը…
-Պարտադիր կծառայեի ու իմ որդիներին էլ կստիպեի ծառայել հայրենիքին։

4․ Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես…
-Կփորձեմ ընկերաբար շտկել։

5․Եթե ինքդ սերժանտ դառնաս…
- Ամեն բան կանեմ՝ պաշտոնում եղած ցանկացած պարտականություն, պատվով կատարելու համար:

6․ Եթե փափուստի հնարավորթյուն ունենաս…
- Չեմ փախչի, առհասարակ չեմ դիմի նման քայլի:

7․ Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ մարդու հետ նույն վաշտում ես ծառայելու…
-Կհարգեմ՝ որպես զինվորի:

8․ Երբ մի օր արթնանաս ու ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու…
-Կհպարտանամ ու իրենց կընդունեմ իմ քույրերի պես:

9․ Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես…
-Կտխրեմ:


Իննա Թումանյան 

                                                                                 
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

11/07/2020

Տանեցիները տխուր են, բայց ցույց չեն տալիս. «Զինվորից 5 պակաս»


Գյումրեցի զորակոչիկը՝ Հովհաննես Ջուհարյանը, քաղաքացիական կյանքից զինվորական կյանքին անցումը չի պատկերացնում, ուղղակի ոգևորված սպասում է այն պահին, երբ վերջապես համազգեստ կհագնի. «Ավարտել եմ Շիրակի պետական համալսարանը, ծրագրավորող եմ ու շատ կուզեմ Կիբեռ բանակում ծառայել, որ իմ մասնագիտությանը մոտ լինեմ»,-պատմում է ու հավելում, որ նախկինում բանակով շատ քիչ է հետաքրքրվել, բայց որոշ փոփոխություներ՝ այնուամենայնիվ նկատել է. «Շատ եմ լսել, որ սնունդը լավացել է, ասում են նաև, որ միջկանոնադրային հարաբերություններն ավելի են բարելավվել»: 
Հովհաննեսի խոսքով, տանեցիները տխուր են, բայց ցույց չեն տալիս: Ինքն անհամբեր է, պլանավորում է ծառայելուց հետո անպայման շարունակել սովորել և/կամ աշխատել իր մասնագիտությամբ: Մյուս նորակոչիկներին ապագա զինվորը մաղթում է, որ դուխով լինեն. 
«Թող հիշեն, որ բանակն էդքան էլ սարսափելի բան չի, նենց կանցնի, չեն էլ հասկանա»:

Բլից հարցում.

1. Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
-Սոված կմնամ։

2․Եթե հնարավորություն չուենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու…
-Կկարոտեմ:

3․ Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը:
- Մեկ տարով կգնայի, բայց երկուսը՝ շատ եմ համարում (մասնագիտությանը խանգարելու առումով)։

4․ Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես… 
-Եթե ինձ վերաբերվի, կխոսեմ իրենց հետ, եթե չէ, չեմ կարծում, որ կխառնվեմ:

5․Եթե ինքդ սերժանտ դառնաս…
- Կուրախանամ, երևի:

6․ Եթե փափուստի հնարավորթյուն ունենաս…
- Դուխ չեմ անի փախնեմ (ծիծաղում է)։

7․ Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ մարդու հետ նույն վաշտում ես ծառայելու…
- Մի կերպ կծառայեմ:

8․ Երբ մի օր արթնանաս ու ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու…
-Չեմ հավատա:

9․ Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես…
- Կասեմ այ մարդ, էս ո՞նց թռա՜վ էս երկու տարին։


Իննա Թումանյան 
                                                                          


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

09/07/2020

Զինվորից հինգ պակաս. Կյանքի յուրաքանչյուր ժամանակահատվածում մենք նորը սովորելու հնարավորություն ունենք


 «Մա՛մ ջան, մի՛ նեղվիր, կապի մեջ կլինենք: Հետ եմ գալու ավելի հասուն մարդ դարձած»: Ահա այս խոսքերով ծնողին սփոփելով և սիրով ծառայության է մեկնում Սերյոժա Անտոնյանը: Սերյոժան բանակային կյանքի մասին շատ պատկերացումներ չունի, բայց կարծում է, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: 
 «Անհաղթահարելի բարդություններ չկան»,- ասում է նա: Բանակային կյանքում Սերյոժան ոչինչ էլ չէր փոխի. ըստ նրա ամեն բան շատ լավ է և գնալով ավելի է լավանում, իսկ թե որտեղ կանցկացնի ծառայությունը՝ ամենից կարևորն է նրա համար: Սերյոժան ցանկանում է ծառայել Արցախում և չի հասկանում այն մարդկանց, ովքեր ուզում են հնարավորինս մոտ ծառայել Հայաստանին: 
Զորացրվելուց հետո Սերյոժան մի մեծ նպատակ ունի. ցանկանում է Հայաստանում զարգացնել ֆուտբոլը՝ զբաղվելով մարզչական աշխատանքով: 
«Գնացեք բանակ և վայելեք դա, քանի որ կյանքի յուրաքանչյուր ժամանակահատվածում մենք նորը սովորելու ու ավելի լավը դառնալու հնարավորություն ենք ունենում», - հորդորում է Սերյոժան զինակոչիկներին ու իրենց հերթին սպասող տղաներին: 

Բլից հարցեր 

- Եթե ճաշարանի ուտելիքները Ձեր սրտով չլինեն: 
Կփորձեմ հարմարվել: 

- Եթե հնարավորությու չունենաք հարազատների, ընկերների հետ կապ պահելու: 
Կսպասեմ հարմար պահի: 

- Եթե Ձեր կողքի մահճակալին քնողը խռացնի ողջ գիշեր: 
Կխնդրեմ տեղս փոխեն:

-Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը: 
Չէի ծառայի:

-Եթե Ձեր վաշտի սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատեք: 
Կասեմ, որ ուղղեն:

 - Եթե փախուստի հնարավորություն ունենաք:
 Չեմ փախչի։

 - Եթե իմանաք, որ քաղաքացիական կյանքում Ձեզ համար ամենատհաճ անձնավորության հետ նույն վաշտում եք ծառայելու:
 Կփորձեմ ինչքան հնարավոր է հեռու մնալ:

- Երբ մի օր արթնանաք և ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու: 
Կուրախանամ:

 - Երբ հասկանաք, որ մի քանի օրից զորացրվում եք: 
Կփորձեմ վաշտի տղաների հետ նշել:

Բանակը կյանքի հերթական փորձություններից է՝ տղաների կյանքում կոփող մի արկած, որը կոչված է ավելի հասուն դարձնելու և հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին մասնակից լինելու: Իսկ Սերյոժային և մյուս զորակոչիկներին մաղթում ենք բարի ծառայություն:


Սիմոն Հովհաննիսյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

05/07/2020

«Լսարանից խրամատ անցումը պարտավորեցնող է». «Զինվորից 5 պակաս»

    «Եթե գնամ խորը արմատներ, ապա կարող եմ ասել որ ծուռ սանսունցի եմ»,-հպարտությամբ պատմում է «Զինվորից 5 պակաս» շարքի մեր հաջորդ զրուցակիցը՝ Արմեն Բեգանյանը, որն այժմ ապրում է Արագածոտնի մարզի Ուջան գյուղում:
 Արմենը սովորել է Ուջան գյուղի երաժշտական դպրոցում, ապա սերը դեպի երգն ու երաժշտությունը՝ նրան տարել են Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ. «Նոր եմ ավարտել 3-րդ կուրսը, սակայն բանակից վերադառնալուց հետո շարունակելու եմ ուսումս ևս մեկ տարի, որպեսզի ավարտեմ քոլեջը»,- պատմում է ու հավելում, որ սիրում է նորարարություններ անել տարբեր երաժշտական գործիքներով. «Սկզբում ակորդեոն, ապա գալարափող, շեփոր, սինթեզ, բոլորովին վերջերս սկսել եմ կիթառ նվագել սովորել։ Շա՜տ ժամանակ եմ անցկացնում ականջակալներով` Կոմիտաս, Բոչելլի, Պավարոտի, Կոկեր լսելով»:

Ապագա զինվորն իրեն նկարագրելիս չափազանց անկեղծ է. «Բռնկուն եմ, ինքնամփոփ, ընկերներիս հետ կատակասեր եմ, բայց աշխատասեր չեմ»:
Դեռ մանուկ հասակից հիշում է, որ մայրը մտահոգվում էր, թե տղան մի օր բանակ է գնալու, իսկ հայրը շարունակ կրկնում էր, որ տղան ամեն դեպքում պետք է հաստատ ծառայի. «Ինքս էլ երբեք չեմ մտածել ծառայությունից խուսափելու մասին։ Դեռ ավելին՝ անգամ չուզեցի մեկ տարով ևս հետաձգել։ Քոլեջում պետք է սովորեմ 4 տարի, անվճար եմ ու կար հնարավորություն ծառայության մեկնելու ոչ թե այս տարի, այլ մյուս, երբ կավարտեի, սակայն ինքս եմ որոշել չհետաձգել ծառայությունը»:
«Լսարանից խրամատ անցումը պարտավորեցնող է: Իսկ ծնողներիս տխրությունը, վստահ եմ՝ գերակա չէ նրանց զգացած հպարտությանը»,- ասում է Արմենը

Բլից հարցում.
1. Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
-Մի քանի անգամ գուցե սոված մնամ, հետո կհարմարվեմ։

2Եթե հնարավորություն չունենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու

- Կկարոտեմ կամ էլ թղթի միջոցով նամակ կգրեմ:

3 Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը
- Կարծում եմ, այնուամենայնիվ կլիներ ծառայելու ցանկություն։

4 Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես
-Կտխրեմ:

5Եթե ինքդ սերժանտ դառնաս
-Պարտավորված կլինեմ առավել անթերի ծառայել:

6 Եթե փափուստի հնարավորթյուն ունենաս
- Փախուստի դիմողները մինչև զորակոչվելն են փախչում։

7 Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ մարդու հետ նույն վաշտում ես ծառայելու
- Ուրախ կլինեմ, բոլորի հետ հնարավոր է լեզու գտնել:

8 Երբ մի օր արթնանաս ու ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու
- Շատ աղջիկ երեխաներ կունենամ:

9 Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես
- Չեմ կարող ասել ինչ կանեմ, կամ կզգամ. կուրախանամ, կտխրեմ, կլարվեմ։

                                                                
                       Իննա Թումանյան



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

03/07/2020

«Իմ պարտքն եմ համարում ծառայել հայրենիքիս»․ մեկնարկում է «Զինվորից 5 պակաս» շարքը

  2020թ.-ի ամառային զորակոչի ընթացքում, Banak.info-ն վերսկսում է իր ամենամյա՝ «Զինվորից 5 պակաս» շարքը, որում տեղ են գտել հայկական բանակ զորակոչվող մի շարք երիտասարդների հետ զրույցներ:
Մեր առաջին զրուցակիցը գյումրեցի Տիգրան Մկրտչյանն է, որը վերջերս ավարտել է Շիրակի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժինը ու շուտով բանակ է զորակոչվելու: Ապագա ծառայակից ընկերներից տարիքով մի փոքր ավելի մեծ լինելու փաստը նրան չի մտահոգում, կարծում է, որ և՛ հեշտ կլինի, և՛ դժվար. ամեն դեպքում նա շատ լավ է տրամադրված:
Տիգրանի հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է. «Սիրում եմ զբաղվել ձկնորսությամբ, հետաքրքրված եմ ֆուտբոլով և մասնավորապես՝Բարսելոնա ակումբով»,-ասում է ու հավելում, որ համակարգչային նորագույն տեխնոլոգիաները իր տարերքն են:
Ինքն իրեն մեկ բառով բնութագրելիս, ասում է, որ համբերատար է: Նա իր ողջ գիտակից կյանքում հետաքրքրվել է բանակով ու երբևէ չի մտածել ծառայությունից խուսափելու մասին. «Իմ պարտքն եմ համարում ծառայել հայրենիքիս ու կարծում եմ, կապ չունի, թե որտեղ կծառայեմ, միայն ուզում եմ գիտելիքներս ճիշտ օգտագործելով նպաստել մեր բանակի հզորացմանը»:
Անցումը լսարանից՝ խրամատ, Տիգրանի կարծիքով պետք է որ շատ հետաքրքիր լինի, բայց գիտի, որ ծնողների համար սկզբնական շրջանում մի քիչ դժվար է լինելու համակերպվելը. «Այնուամենայնիվ ես կարծում եմ հպարտ կլինեն, որ իրենց որդին ծառայում է հայոց բանակում»:
Ապագա զինվորի համար, հայկական բանակում կատարված փոփոխություններն ակնհայտ են ու ահռելի՝ սկսած սննդից, մինչև զենքերի արդիականացում: «Կցանկանամ, որ բոլորի ծառայությունը հեշտ անցնի», - ասում է Տիգրանը, երբ հարցնում եմ, թե ինչ կմաղթի մյուս նորակոչիկներին ու անցնում ենք մեր զրույցի հետաքրքիր մասին:

Բլից հարցում.
1. Եթե ճաշարանի ուտելիքները սրտովդ չլինեն...
-Ինձ թվում է որ կլինեն:

2Եթե հնարավորություն չուենաս հարազատներիդ, ընկերներիդ հետ կապ պահելու
- 21-րդ դարում կապ պահելը շատ հեշտ է, չեմ կարծում, որ նման խնդիր կունենամ։

3 Եթե ցանկությամբ լիներ ծառայել կամ չծառայելը
-Ծառայել, բայց մեկ տարով։

4 Եթե վաշտիդ սերժանտների ծառայության մեջ թերություններ նկատես
-Կփորձեմ խորհուրդներ տալ թերությունները շտկելու համար։

5Եթե ինքդ սերժանտ դառնաս
-Լավ կլինի:

6 Եթե փափուստի հնարավորթյուն ունենաս
-Չեմ փախչի։

7 Եթե իմանաս, որ քաղաքացիական կյանքում քեզ համար ամենատհաճ մարդու հետ նույն վաշտում ես ծառայելու…
-Կփորձեմ վերաբերմունքս փոխել իր հանդեպ:

8 Երբ մի օր արթնանաս ու ասեն, որ այսուհետ աղջիկներն էլ են ծառայելու…
-Կարծում եմ՝ անհնար է այդքան աղջիկ նույն հագուստով:

9 Երբ հասկանաս, որ մի քանի օրից զորացրվում ես…
-Կուրախանամ կամ կտխրեմ:

                                                                     
Իննա Թումանյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`

20/05/2020

Ոլորտում մեծ անելիքներ ունենք. Արծրուն Հովհաննիսյան

 Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս ընդունեցիք մամուլի խոսնակից Հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ անցնելու որոշում-հրամանը: Կա՞ր ցանկություն, թե՞ հրամանները չեն քննարկվում:
 Նախ հրամանները չեն քննարկվում, բայց ես առնվազն 2 տարի մեծ ցանկություն ունեի անցնել ռազմակրթական ոլորտ, այնպես որ մեծ սիրով ընդունեցի:

Ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք մոտ 20 տարի անց համալսարան վերադառնալով:
Շատ հետաքրքիր, հակասական զգացողություններ ունեցա, որովհետև սա ինձ համար Մայր ռազմական բուհն է, որը ես ավարտել եմ 2001 թվականին: Մի կողմից հիշողություններ, մյուս կողմից հպարտություն, որովհետև տարիների ընթացքում հսկայական բան է փոխվել այստեղ: Միջավայրը հարազատ է, քանի որ դեռ կան դասախոսներ, որոնք ինձ են դասավանդել կուրսանտական տարիներին, կան մարդիկ, որոնց հետ մենք սկսել ենք հրամանատար- ենթակա հարաբերություններով, իսկ այսօր գործընկերներ ենք: Այնպես որ ինձ համար շատ նոր ծրագրերով, ցանկություններով լեցուն միջավայր է:

Իսկ ապագայում ի՞նչ պլաններ կան ռազմական կրթության բարեփոխումների հետ կապված:
Ռազմակրթական բարեփոխումները շատ լայն են, որովհետև մի կողմից մենք մեր բանակի, զինված ուժերի ստեղծման հետ զուգահեռ,  ստեղծում ենք սեփական ռազմագիտական դպրոց, մյուս կողմից էլ ամբողջ աշխարհում ռազմական կրթությունը զարգանում է, ծնվում են նոր լուծումներ, նոր մոտեցումներ։ Մենք բոլորովին վերջերս ենք ամբողջացրել  ռազմական կրթության աստիճանավորումը, այսինքն՝ բոլոր աստիճանի ռազմակրթական արտադրությունները արդեն Հայաստանում, հետևաբար անելիքներ շատ կան, դրանք բովանդակային հագեցնելու, մասնագիտական բարձր  որակի  բարձրացնելու, ինչպես նաև  համաշխարհային միտումների հետ համապատասխանեցնելու համար:

Իսկ կա՞ն կոնկրետ առարկայական ծրագրեր:
 Մենք ուզում ենք հայկական ռազմական կրթության բոլոր օղակները, որոնք տարիների ընթացքում ստեղծվեցին, ավագ դպրոցից հասնելով մինչև ակադեմիական բարձր դասընթացների, եզրափակենք ռազմական գիտությունների խորհրդով: Բացի այդ նպատակներ կան խորացնելու մագիստրոսական ծրագրերը, կոնկրետ Հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների գիտելիքները: Հետաքրքիր ծրագրեր ունենք նաև 16 շաբաթյա, 24 շաբաթյա դասընթացների մասով: Նախագծեր շատ կան, որոնք բոլորն էլ միտված են ռազմական կրթության բարելավմանը:

Այստեղ շատ կան նաև մարտական գործողությունների մասնակիցներ, կամ այսպես ասած տեսականը գեներացնողներ: Ինչպիսի՞ հակասություններ կամ բանավեճեր են ծավալվում պրակտիկայի և տեսության մեջ:
Այո, ընդհանուր առմամբ դա միայն մեզ չի վերաբերում, դա համաշխարհային թրենդ է: Հիմնականում Սառը պատերազմի ժամանակվա ռազմական գիտության, տեսության վերանայման ակտուալ խնդիրներ կան, որը մեզ մոտ շատ դեպքերում բարձրացնում են հենց խրամատներից եկածները, որոնք տեսել են առօրյա բարդ ծառայություն, պատերազմ, մարտական գործողություններ: Եվ շատ հաճախ դասախոսները, տեսաբանները, ովքեր սրա վրա աշխատում են պիտի մշտապես մասնակցեն սեմինարների, բանավեճերի, մրցապայքարի մեջ լինեն, որպեսզի ծնվի այդ վերջնական ժամանակակից ռազմական գիտությունը: Բայց պետք է ասեմ, որ  սա ամբողջ աշխարհում ևս վերջնական տեսքի չի եկել, անցումային փուլում ենք գտնվում: Իսկ մենք, քանի որ կիսապատերազմող պետություն ենք, մենք ինքներս ապրում ենք այս պրոցեսը:
Դասապրոցեսի ժամանակ կուրսանտները երբեմն դասախոսին կանգնեցնում են հստակ փաստի առաջ, որ մարտավարական, տեսական ինչ-որ հին լուծումներ այլևս չեն համապատասխանում նոր մարտահրավերներին, և դու ստիպված ես լինում միշտ պրպտել, մտածել, ինչը ամբողջ աշխարհում առարկայական նշանակություն ունի ռազմական կրթության և ընդհանրապես գիտության ու կրթության մեջ:


Դավիթ Թորոսյան, Լիանա Բրյան 



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: Տեղեկացրու՛ ընկերներիդ`

29/07/2019

Հայկական զինված ուժերը հակառակորդին համարժեք պատասխանել են և լռեցրել.Արծրուն Հովհաննիսյան

Երկու օր շարունակ ՀՀ  պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են իրականացնում, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է մեկ զոհ ու երկու վիրավոր։
Banak.info կայքը իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու համար զրուցել է ՀՀ ՊՆ մամուլի խոսանկ Արծրուն Հովհաննիսյանի հետ։

 - Պարոն Հովհաննիսյան ինչպիսի՞ իրավիճակ է տիրում Տավուշի մարզի սահմանային գոտում և առաջնագծում։
-Այս պահին վիճակը համեմատաբար հանգիստ է, բայց այս պահին հստակ չեմ կարող ասել, թե գիշերվա ժամերին ինչպիսի պատկեր կունենանք։

 - Սահմանային իրավիճակի լարված ֆոնին այսօր կոչեր ու հորդորներ են հնչեցվել, առ այն որ ՀՀ վարաչապետի և պաշտպանության նախարարի որդիները, ովքեր իրենց ծառայությունը իրականացնում են Արցախում, գան և ծառայեն ՀՀ սահմանի այդ հատվածում, ինչպե՞ս կմեկնաբանեք։
 -Անկախ զինծառայողների ով լինելուց ցանկացած մեկին խորհուրդ կտամ, հատկապես ժամկետային ծառայության մեծ գտնվող զինվորներին, չուղղորդվել ծառայության վայրի հետ կապված, դա շատ էժանագին քաղաքական և անձնական հաշվեհարդար է։
Եթե առաջնորդվենք այն հանգամանքով, որ ՀՀ վարչապետի և ՊՆ նախարարի որդիները ծառայում են Արցախում, ապա ասեմ՝ այնտեղ միջին լարվածությունն ավելի բարձր է, քան ՀՀ սահմանային հատվածներում, որոնք երբեմն տևական լարվածության մեջ են։
Հայրենասերներին խորհուրդ կտամ ուղղորդելու փոխարեն իրենք ծառայեն մարտական դիրքերում և իրականացնեն մարտական խնդիրներ։

 -Եվ վերջում, հայկական կողմը ին՞չ պատասխան գործողություններ է իրականացրել հակառակորդին լռեցնելու համար, և ինչպե՞ս կգնահատեք վիրավորների առողջական վիճակը։
 -Բնականաբար հայկական զինված ուժերը հակառակորդին համարժեք պատասխանել են և լռեցրել։
Վիրավոր զինծառայողներից մեկը ստացել է թեթև մարմնական վնասվածք, երկրորդ զինծառայողը, ով վնասվածք էր ստացել հուլիսի 27-ին գտնվում է կայուն ծանր վիճակում։


Դավիթ Թորոսյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`

23/07/2019

Բանակում ներդրված նոր պիլոտային ծրագրի անհրաժեշտ սննդամթերքի 75 տոկոսը ձեռք է բերվում հայ արտադրողից


   Երեկ՝ հուլիսի 22-ին, ՊՆ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բանակի սննդի կազմակերպումը մասնավորին պատվիրակելու պիլոտային ծրագրի մասին։ Զրույցի ընթացքում պարզ է դարձել, որ ներկայումս այդ ծրագիրը գործում է ՀՀ-ում տեղակայված 4 զորամասերում, ինչպես նաև նախապատրաատական աշխատանքներ են իրականացվում 5-րդ զորամասում ծրագրի իրականացման համար։ 
 Banak.info կայքը փորձել է որոշ հարցերի պատասխաններ ստանալ նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից։

 - Պարոն Հովհաննիսյան ին՞չ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում թվով 5-րդ զորամասում, որտեղ գործարկվելու է ծրագիրը։ 
 - Հաղթող ընկերությունը պարտավորվածություն է ստանձնում զորամասի ճաշարանի պայմանները բարելավվելու, նոր գույք, և սպասք տրամադրելու. իրականացվում է ամեն ինչ սննդի մատուցման գործընթացը ավելի դյուրին դարձնելու համար։ 

 - Որտեղի՞ց են ձեռք բերվում անհրաժեշտ սննդի տեսակներն ու ծավալները։ 
 - Անհրաժեշտ սննդի 75 տոկոսը ձեռք է բերվում ՀՀ-ի տարածքից, ավելի շատ նախապատվություն է տրվում զորամասին մոտ տարածքներից ձեռք բերել դրանք, որը աննախադեպ ձեռքբերում է հանդիսանում։ 

 - Զինծառայողները մասնակցություն ունենո՞ւմ են ճաշարանում սննդի պատրաստման գործընթացում։ 
  - Պիլոտային ծրագիրը աննախադեպ է իր մի շարք առանձնահատկություններով, որոնցից արդեն նշեցի սննդի 75 տոկոսի ձեռքբերումն է ՀՀ-ից, ինչպես նաև առանձնանում է այս մոտեցմամբ ևս, քանի որ զինծառայողները ազատվում են ճաշարաններում իրականացվող վերակարգերից ու ամբողջ ժամանակը տրամադրում են ուսումական կամ մարտական գործընթացներին։

 Հիշեցնենք նաև, որ հունիսի 12-ից, մեկնարկել է բանակի սննդի կազմակերպումը մասնավորին պատվիրակելու պիլոտային ծրագիրը, ընկերությունների հետ պայմանագրերը կնքվելու են 3 տարի ժամկետով, որոնք հետագայում ծրագրի հաջողման դեպքում կերկարաձգվեն։


Ալվինա Հարությունյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`