14/10/2019

Այսօր Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է



Լուսանկարը՝ 14.10.2018
Ապրիլյան պատերազմում Տիգրանն ու իր տանկի անձնակազմը՝ հրամանատար Բենիամին (Մոնթե) Եղոյանը, նշանառու-օպերատոր Վլադիմիր Ալիխանյանը ապրիլյան պատերազմի ժամանակ մեծ սխրանք են գործել ՝ խոցել են թշնամու 3 տանկ, իսկ ապրիլի 3-ին՝ 1 ՀՄՄ, սակայն մարտական առաջադրանք կատարելիս զոհվել են։
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Տիգրանը կդառնար 23 տարեկան: Ծնվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
2003-2011 թթ․ սովորել է Գյումրու N 4 միջնակարգ դպրոցում։ 
2011-2014 թթ․ սովորել է Գյումրու N 1 արհեստագործական պետական ուսումնարանում՝ ստանալով խոհարարի մասնագիտություն։ 
2015 թ․ հունվարի 12-ին զորակոչվել է բանակ։ Ծառայության ընթացքում արժանացել է ՀՀ ԶՈՒ «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաններով։ 
Գյումրին ամեն տարի նշում է Տիգրանի ծնունդը: Արդեն ավանդույթ է դարձել. Նրանց տան բակում՝ նրա հուշաքարի մոտ հավաքվում ու ընկուզենու ծառն են թափ տալիս: Այդպես սիրում էր անել Տիգրանը. մինչև իր ծննդյան օրը չէր թողնում, որ ծառին մոտ գնային։ Իսկ հոկտեմբերի 14-ին ինքն էր բարձրանում ու թափ տալիս ընկույզները։
Տիգրան Արամի Աբգարյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:



Լիանա Բրյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`