22/09/2019

Մարատ Ռաֆայելի Դանիելյան (1984-2016թթ.)

Գյումրի 22.09.2019թվ.Banak.info
2016 թվ. ապրիլին հակառակորդը խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը ակտիվ մարտական գործողություններ վերսկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Ստեփանակերտցի Մարատը այն կամավորներից մեկն էր, ով անհապաղ մեկնեց առաջնագիծ։ Մարատը ռազմադաշտից այլևս չվերդարձավ, ապրող սերունդներին թողնելով հայրենի հողը պահպանելու պատգամը։
2002-2004թթ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության, հետո կրթություն ստացել Արցախի Պետական համալսարանում։
2015թվ.-ից զբաղեցնում էր «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի վարիչի պաշտոնը։
Ապրիլի 21-ին հակառակորդի կողմից նախահարձակ գործողությունների արդյունքում Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում զոհվել է Մարատ Դանիելյանը։

  Մարատի կինը՝ Լուսինեն, մեզ հետ զրույցում հիշում է՝ ամուսինը մեկնելուց առաջ հրաժեշտ է տվել բոլորին, իսկ երբ զանգում էր՝ հորդորում էր երեխաներին չնեղացնել։
Մարատն ամուսնացել էր 2007թվ.-ին, ունի տղա ու աղջիկ։ Երեխաների դաստիարակությամբ հիմնականում նա է զբաղվել, կապված էր նրանց հետ, անում էր հնարավոր ու անհնարի ամեն բան երեխաներին լավ դաստիարակելու ու ապահովելու համար։ Պատերազմի թոհ ու բոհում մեծացած Մարատը ոչինչ չէր խնայում իր երեխաների համար։

Մարատն ընտանիքի հետ

  «Փորձում եմ ամեն կերպ նմանվել նրան երեխաներին դաստիարակելու հարցում, փառք Աստծո ստացվում է» , - ասում է Լուսինեն։
Որպես զոհվածի այրի Լուսինեն միայն խաղաղություն է ցանկանում ու ասում՝ թող ոչ մի ընտանիք չզգա ու չապրի այն ցավն ու կորուտը, որն ապրել է իր ընտանիքը։
Մարատ Ռաֆայելի Դանիելյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան





Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`