08/08/2018

Այսօր Ղարիբ Սահակյանի տարեդարձն է



Գյումրի 08.09.2018թվ. Banak.info
Այսօր՝ օգոստոսի 8-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Ղարիբ Սահակյանը կդառնար 31 տարեկան։
Ծնվել է 1987թվ. Հադրութի շրջանի` Տող գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։
2005-2007թթ. գտնվել է ժամկետային զինվորական ծառայության մեջ: 2008 թվականից անցել է պայմանագրային ծառայության: Եղել է N զորամասի հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի` 1-ին ջոկի հետախույզ- դիպուկահար, 3-րդ խմբի 2-րդ ջոկի հրամանատար և 2-րդ խմբի 1-ին ջոկի հրամանատար, խմբի հրամանատարի տեղակալի պաշտոններում՝ որպես  ավագ սերժանտ:
Մեծ սիրով ու պատասխանատվությամբ է վերաբերվել իր աշխատանքին, մշտապես մարտական առաջադրանքերը իրականացրել գերազանց:
2016թվ. ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ, ամենաթեժ հատվածներում հայկական ստորաբաժանումների պատասխան հարվածից թշնամին կրել է մեծ կորուստներ և հետ շպրտվել:
Ծավալված մարտերի ընթացքում Ղարիբը իրեն դրսևորել է, որպես քաջ ու անվախ մարտիկ, ով  գիտակցելով մարտնչել է առանց վարանելու ու հետ նահանջելու:
Ապրիլի 4-ին արկի պայթյունից զոհվել է Ղարիբ Սահակյանը:
Ղարիբ Սահակյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԱՀ նախագահների կողմից «Արիություն» մեդալներով:
Շատ բարի, նվիրված, համեստ, միաժամանակ ուժեղ ու խիզախ էր, երբեք չէր վախենում դժվարություններից, որոնք հաղթհարում էր իր ուժեղ կամքի շնորհիվ, այլ կերպ և չէր կարող լինել հայ հետախույզը։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`